«Ես նույնիսկ հայերեն չգիտեմ». ռուսաստանցի Բորիս Արևշատյանին ուզում են արտաքսել Հայաստան

Ռուսաստանցի Բորիս Արևշատյանը, որը ծնվել է Հայաստանում, բայց հայերեն չգիտի, մի անգամ է այցելել հայրենիք` 2008թ.–ին։ Հիմա նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել. նա բանակում ծառայությունից խուսափած անձ է` հայկական անձնագրով, որին դատում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Մոսկվացի Բորիս Արմենակի Արևշատյանը ՌԴ դատական իշխանությունների որոշմամբ պարտավոր է գնալ նախնիների երկիր` Հայաստան։ Այստեղ նրան քրեական հետապնդում է սպառնում` բանակից «խուսափելու» համար։ Russia Today հեռուստաալիքը պատմում է ռուսաստանցի հայի պատմությունը։

33–րդ անգամ Հայաստան այցելող Ֆրանսուա Ռոշբլուանին արդեն հայկական անձնագիր ունի

Բորիս Արևշատյանը 26 տարեկան է, նա ծնվել է 1992թ–ին և ծնողների հետ տեղափոխվել Մոսկվա։ Նրա հայրն ու մայրը խորհրդային անձնագրեր են ունեցել, իսկ երեխային տվել են խորհրդային նմուշի ծննդյան վկայական։ Հինգ տարի հետո տղայի հայրը փոխել է խորհրդային անձնագիրը և ստացել ռուսական, բայց Բորիսի մասին, չգիտես ինչու, մոռացել է, երեխային չեն ներառել քաղաքացիություն ստանալու մասին հոր ներկայացրած տեղեկանքում։

Բորիսը գնացել է մանկապարտեզ, դպրոց, իսկ 2008թ.–ին նա եկել է պատմական հայրենիք. հիվանդացել է Հայաստանում ապրող տատիկը։ Տղան եկել է տատիկի մոտ, որպեսզի հոգ տանի նրա մասին։

«Երբ 2009թ.–ին նա փորձել է հետ գնալ Ռուսաստան, նրան դուրս չեն թողել երկրից և ստիպել են ստանալ Հայաստանի քաղաքացու անձնագիր», – գրում է Russia Today–ը։

Բորիսն ինքը չի ցանկացել ունենալ հայկական անձնագիր, բայց չի հաջողվել խուսափել դրանից։

«Ես չէի ուզում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որովհետև միշտ ապրել եմ Ռուսաստանում և նույնիսկ հայերեն չգիտեմ։ Ես բացատրեցի, որ ծրագրում եմ ստանալ ՌԴ քաղաքացիություն, բայց ինձ դուրս չթողեցին երկրից, ուստի ստիպված էի անձնագիրը վերցնել», – պատմել է տղան։

Բանակից խուսափող հարյուր քաղաքացի արձագանքել են Հայաստան վերադառնալու Փաշինյանի կոչին

Ռուսաստան վերադառնալու համար Բորիսը ստիպված է եղել Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Նա դա արել է և մեկնել Ռուսաստան, իսկ դրանից հետո իմացել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել` բանակում ծառայությունից խուսափելու համար և միջազգային հետախուզում հայտարարվել, 2017թ–ին նրան ձերբակալել են ռուսական ոստիկանության աշխատակիցները։

«Սակայն երբ ռուսական կողմն այս գործով դիմել է Հայաստանի պատկան մարմիններին, պարզվել է, որ նախաձեռնողը մտադիր չէ պահանջել ձերբակալվածին հանձնելը։ Գագարինյան դատարանը որոշում է կայացրել չձերբակալել Արևշատյանին», – նշում է RT–ը։

Այնուամենայնիվ, Բորիս Արևշատյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՌԴ–ում գտնվելու ռեժիմը խախտելու համար, չէ՞ որ նա Հայաստանի քաղաքացի է։

Այդ ամենը դատարանում վիճարկելու փորձերն արդյունքի չեն հանգեցրել, Բորիսին մերժել են։ Արդյունքում, նա ևս մեկ անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, և դատարանը որոշում է կայացրել նրան արտաքսել Ռուսաստանից։

Տվյալ պահին Բորիս Արևշատյանը դեռ ռուսական դատական համակարգի հետ հակամարտության մեջ է. նա վիճարկել է առաջին ատյանի դատարանների որոշումները և սպասում է իր բողոքարկման հայտերի վերաբերյալ որոշումներին` փորձելով ապացուցել, որ այդ ամենն ինչ-որ անհեթեթություն է։