Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ի հաջողությամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե Երևանում ինչ են մտածում Եվրասիական տնտեսական միության մասին ու խոսել այն նախագծերից, որոնք կապված են այդ կազմակերպության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  27 հուլիսի — Sputnik. Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության բարեհաջող աշխատանքով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում։ 

«Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ–ի մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին», – ասաց նա։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Նեղ կազմով նիստի ընթացքում մասնակիցները հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ փոխանակեցին: Փաշինյանը վստահ է, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: ՀՀ վարչապետը կարևորում է տեղեկատվական անվտանգության քայլերի հաջորդականությունն ու միջոցառումների ընտրությունը: Նա հատուկ ուշադրություն դարձրեց պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում արդեն ձևավորվել է թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ–ի հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Փաշինյանը կանխատեսեց, որ 2025 թվականին Հայաստանը կհասնի այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն: