Հայտնի բլոգերը Հայաստանին սիրահարված է հեռանում. տեսանյութ

Nas Daily–ին իր բաժանորդներին պատմել է մի երկրի մասին, որը, ըստ նրա, բոլորը պետք է տեսնեն սեփական աչքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Facebook-ի ամենահայտնի բլոգերներից մեկը` Nas Daily-ն, Հայաստանի մասին 4 րոպեանոց տեսահոլովակ է նկարահանել։ Սովորաբար նրա տեսանյութերը մեկ չոպեից երկար չեն լինում։

«Սա իմ ամենասիրած տեսահոլովակներից է, քանի որ պատմում է մի բանի մասին, որն ինձ ամենաշատն է հուզում. ինչո՞ւ են որոշ երկրները գերիշխում տեղեկատվական դաշտում, իսկ որոշ երկրներ դուրս են մնում մեր ուշադրությունից», — ասում է բլոգերը։

Նուսեյր Յասինի (Nas Daily-ի իսկական անունը) համար անակնկալ է եղել այն, որ Հայաստանում այսքան հետաքրքիր բան կա, իսկ զբոսաշրջիկների թիվը մեծ չէ։

Նրա կարծիքով` ամբողջ աշխարհի մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն այն երկրներին, որոնց մասին անընդհատ չի խոսվում։ Nas Daily-ն իր բաժանորդներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Հայաստան։

Բլոգերի երկրպագուներից ոմանք խոստովանել են, որ առաջին անգամ են լսում Հայաստանի մասին։ Որոշ բաժանորդներ նշել են` թեև Հայաստանն աշխարհում մեծ ճանաչում չունի, բայց սփյուռքահայերից շատերն են ճանաչված։ Օգտատերերից մեկը նշել է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում. «Նրանք, ովքեր չգիտեն Հայաստանի մասին, և նրանք, ովքեր System of a Down են լսում»։

Մեկ այլ օգտատեր` Jaime Martins Veloso-ն (Պորտուգալիա), նշել է, որ իր երկրի ամենակարևոր կազմակերպություններից մեկը հիմնել է հայ Գալուստ Գյուլբենկյանը (ֆինանսիստ, արդյունաբերող ու բարերար, XX դարի առաջին կեսի խոշոր նավթային մագնատ — խմբ.)։

Ավելի վաղ Nas Daily-ի 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը։

Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։

Nas Daily–ն պատմում է երկրագնդի «ամենաաննորմալ» տեղերից մեկի մասին, որը Հայաստանում է