Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի` ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բոլոր շփումները

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած շփում, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում` ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ձեռքբերելուն։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ-ն հիանալի հասկանում է թեման։ Հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներն ընթանում են տարբեր մակարդակներում։ Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև ցանկացած հանդիպում, որոնց մասին պայմանավորվում են երկու կողմերը և դրանք ընթանում են կառուցողական մթնոլորտում», — ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ռուս և ադրբեջանցի դիվանագետները Բաքվում կայացած խորհրդակցությունների ժամանակ որոշել են «միջազգային հարթակներում համագործակցության ուրվագծերը»։

Զախարովան մասնակցել է արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական ապահովման հարցերով ռուս-ադրբեջանական խորհրդակցություններին։