«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի թեման թեժանում է. անձնակազմը փակել է մուտքերն ու ճանապարհը

«Այդ մարդն ակնհայտ ատելություն ունի բժշկական համայնքի նկատմամբ»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում: Անձնակազմն ապօրինի է որակում կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նախարարի որոշումը:

Սերժ Սարգսյանի խնամին ազատվել է աշխատանքից

Պահանջելով չեղարկել Մինասյանի ազատման հրամանը՝ բուժանձնակազմը հրաժարվել է նախարարության աշխատակիցներին հանձնել հիվանդանոցի կնիքը:

Փակ են հաստատության մուտքերն ու հիվանդանոց տանող ճանապարհը:

Աշխատակիցներից մեկը հիշեցրել է, որ նախարարությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ուղղորդված արշավ է սկսել բուժկենտրոնի դեմ:

«Ինչ-ինչ չարաշահումների մասին են խոսում, գործն էլ գտնվում է դատախազությունում. մենք չենք հասկանում՝ ինչո՞ւ է նախարարը նախքան գործի ավարտը աշխատանքից ազատում մեր տնօրենին: Սա ապացուցում է այն մտայնությունը, որ նախարար Թորոսյանը պարզապես նպատակ ունի հեռացնել Մինասյանին: Նախարարը ակնհայտ ատելություն ունի բժշկական համայնքի նկատմամբ»,- Аysor.am-ի հետ զրույցում ասել է աշխատակիցը:

Միաժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմը Change.org կայքում ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:

Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած բուժհիմնարկի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. բացահայտում

Նրանք տարածել են հայտարարություն, որում ասված է. «Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ:

Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»: