Երկու տարեկան փոքրիկի մահվան պատճառները կպարզեն քննիչները

Ըստ քաղաքացու՝ երեխայի մահը վրա է հասել բժիշկների անփույթ վերաբերմունքի, սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik.  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Չարաշահումներ են արել նույնիսկ թաղման ու սգո ծառայությունների մատուցման ընթացքում

Հուլիսի 15-ին մի քաղաքացուց  հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ.-ին ծնված որդին, բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, այս տարվա հուլիսի 6-ին՝ ժամը 23:15-ին, մահացել է: Ըստ  քաղաքացու հաղորդման՝  երեխայի  մահը վրա է հասել նշված բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում» հոդվածի հատկանիշներով:

Գործն ընդունվել վարույթ է ընդունվել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: