Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց` Հայաստանում այլևս «փայ չեն մտնում»

Շատ շնորհակալություն բարեգործության համար, բայց հիմա ավելի շատ պետք են ներդրումներ և բիզնես` համընդհանուր օգուտի համար։
Sputnik

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանում ապօրինի գանձումներն ընդմիշտ անցյալ են գնացել։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայազգի գործարարների հետ հանդիպմանը, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել է գործարարների հետ և ասել նրանց, որ այլևս չպետք է ինչ-որ մեկին տուրք վճարեն։ Պետք է միայն ամբողջությամբ վճարել հարկերը։

«Ուստի ես չէի ուզի, որ կոռուպցիայի դեմ մեր պայքարն ընկալեն որպես բիզնեսի դեմ պայքար։ Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը։ Ուրիշ ոչ ոք չի կարող յուրացնել դրանք կամ ստիպողաբար «փայ մտնել»։ Մենք բացառում ենք նման երևույթները», — հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդպես կլինի անկախ նրանից, թե ով կգլխավորի իշխանությունը, որովհետև ցանկացած իշխանություն, որ փորձում է հակառակ պտտել անիվը և վերադարձնել նախկին կարգերը, դատապարտված է ձախողման։

Անցած տարիներին սփյուռքում հայկական բիզնեսը բարեգործական շատ ծրագրեր է անցկացրել։ Անհնար է շնորհակալություն չհայտնել դրանց համար։ Բայց հիմա հանրապետության համար գլխավորն այն է, որ գործարարները զբաղվեն իրենց գլխավոր գործով` բիզնես անեն, Հայաստանում աշխատատեղեր ստեղծեն, հարկեր վճարեն և, ինչու ոչ, շահույթ ստանան։

«Մենք ուզում ենք, որ շահույթ ստանալը չլինի ընտրյալների առավելությունը, ինչպես նախկինում, այլ հնարավորություն դառնա բոլորի համար», — հայտարարեց Փաշինյանը։

Ովքե՞ր են ամենից շատ գումար փոխանցել հեղափոխության համար. Փաշինյանը բացեց փակագծերը

Նա տնտեսության առաջին գերակայությունն անվանեց բարձր տեխնոլոգիաները, ընդ որում` ոչ միայն ՏՏ-ն, այլ նաև ինժեներիան, բիոտեխնոլոգիաները և այլ ուղղություններ։

Նա որպես մեկ այլ առաջնահերթություն էլ նշեց ալմաստի մշակումը, որն անկում է ապրել 2000-ականներին, բայց դրամի փոխարժեքի ուժեղացումից հետո կորցրել է շահութաբերությունը։

Երրորդ առաջնահերթությունն էլ գյուղատնտեսությունն է, բայց` նոր տեխնոլոգիաներով։

«Ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիներ` նոր տեխնոլոգիաներով, հակակարկտային ցանցերով, կաթիլային ոռոգմամբ, ահա նոր հիմքը, առանց որի մեր գյուղատնտեսությունն ապագա չունի», — հայտարարեց Փաշինյանը։

Դրանից հետո նա պատասխանեց գործարարների հարցերին։