ՌԱԴԻՈ

Տոնոյան. «ԱՄՆ–Իրան հակասությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար»

Իրանի շուրջ իրավիճակի սրման դեպքում ԱՄՆ–ն կարող է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ներկայացնում է մեր երկրին սպառնացող վտանգները։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Փորձագետը նշեց, որ Վաշինգտոնից սկսել են տնտեսական պատժամիջոցների մասին սպառնալիքներ հնչեցնել։ Ամերիկացիները, մասնավորապես, սպառնացել են թույլ չտալ, որ իրանական նավթն արտահանվի։

Իրանագետի կարծիքով` հարաբերությունների սրման պատճառ կարող է լինել Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ավելացումը, նաև Թեհրանի ու Պեկինի միջև հնարավոր էներգետիկ համագործակցությունը։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը նպաստում է նավթի գնի աճին, ու Ադրբեջանը կարող է օգտվել դրանից։

«Մենք արդեն տեսել ենք, ինչպես է նավթի գնի աճը հանգեցնում Ադրբեջանի վստահության աճին ու ռազմական հռետորաբանության ուժեղացմանը», — ասաց Տոնոյանը։

Սակայն կարող են լինել ոչ միայն բացասական սցենարներ։ Պատմությունը ցույց է տալիս, որ Թեհրանը կարող է մասամբ հաղթահարել տնտեսական պատժամիջոցները` օգտագործելով Հայաստանի միջոցով ելքը դեպի արտաքին աշխարհ։ Այսպիսով` Երևանը կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։

ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների լարվածության նոր փուլը սկսվել է մայիսի 8-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս իրանական միջուկային ծրագրից։ Վաշինգտոնում հույս ունեին, որ իր օրինակին կհետևի նաև Թեհրանը, բայց Իրանի իշխանությունները չարեցին դա։