Խայտառակություն է. Փաշինյանն անդրադարձել է զորակոչի ընթացքում կաշառք տալու դեպքերին

Փաշինյանն անդրադարձել է ընթացող ամառային զորակոչի ընթացքում շարունակվող կաշառքի դեպքերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Զորակոչի ոլորտում չարաշահումները շարունակվում են: Այսօր կառավարության նիստում, պարտադիր զինծառայությունից ու ամառային զորակոչից տարկետում տրամադրելու մի քանի որոշման նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԱԾ–ն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել. ինչպես են զորակոչիկներին ազատել ծառայությունից

«Սա ուղղակի խայտառակություն է, երբ մեզ պես երկրում պաշտոնյաների կողմից կարող են նման չարաշահումներ տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` առավել զարմանալի է, երբ այդ չարաշահումները շարունակվում են բազմաթիվ քաղաքական հայտարարություններից հետո: «Մարդկանց թվում է, թե մենք կատակ ենք անո՞ւմ, չեմ հասկանում: Այսքան հայտարարում ենք, ասում ենք, էլի գնում են կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, ասում` վայ էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պիտի լիներ ու լինելու է»,- ասաց Փաշինյանը` շեշտելով` կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:

Վարչապետը նաև նշեց, որ դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխում է ապրում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ զորակոչը նորմալ է ընթանում: