2019 թ–ին թոշակներն էապես չեն բարձրանա՞. նախարարի պատասխանը

Հայաստանում թոշակները 2015 թվականից չեն բարձրացել։ Դրա փոխարեն կառավարությունն ուզում է վերանորոգել ճանապարհներն ու էլեկտրացանցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի հստակեցրել հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում կլինի, թե ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Կարող էին և նախկինում. ինչու Հայաստանում չէին բարձրացնում թոշակները և աշխատավարձերը

Կառավարության նիստից առաջ լրագրողների հնչեցրած հարցին՝ արդյոք 2019-ի բյուջեի հիմքում կլինի աշխատավարձի և թոշակի բարձրացում՝ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.

«Էական տարբերություններ բավականին վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրից քննարկվող տարբերակում առայժմ չկան»:

Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշներին: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալու են, թե ոչ» ճշտող հարցին:

2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներն արդեն մեկնարկել են։

Ծրագրի համաձայն` բյուջեի լրացուցիչ ծախսերն ուղղվելու են առաջին հերթին ոչ թե ընթացիկ ծախսերին (աշխատավարձեր ու թոշակներ), այլ ենթակառուցվածքային նախագծերին` ապագա տնտեսական աճի հիմքը դնելու համար։

Հիշեցնենք` վերջին անգամ Հայաստանում թոշակները բարձրացրել են 2015 թվականին։

Մեր երկրում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ կամ 33 դոլար։ Հետո գումարվում են ստաժի համար ավելացումները` 800–ական դրամ առաջին 10 տարվա համար ու 500` մնացածի։ Միջին թոշակը կազմում է 41 հազար դրամ կամ 85 դոլար։