Սևանը միայնակ չէ, ծաղկել են Հայաստանի գրեթե բոլոր լճերը

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր անդրադարձել է Սևանա լճում առաջացած վտանգավոր ջրիմուռների խնդրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Կապտականաչ ջրիմուռներ այս օրերին նկատվում են ոչ միայն Սևանա լճում, այլև հայաստանյան այլ ջրավազաններում: Այսօր, կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով` դրանց առաջացման պատճառները մի քանիսն են` սակավ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ:

Ինչո՞ւ է Սևանա լիճը կանաչել, և ո՞ւմ է վտանգ սպառնում. պարզաբանում է մասնագետը

«Բնապահպանական մասով հիմնական ուսումնասիրությունները կանենք այս ամսվա վերջին, ամեն դեպքում` նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ ազոտի քանակությունը նորմայի մեջ է»,- ասաց նախարարը:

Գրիգորյանը հայտնեց նաև, որ վարչապետի հրամանով ստեղծված փաստահավաք խումբը Ամուլսարում արդեն սկսել է ուսումնասիրությունները: Այն ղեկավարում է բնապահպանական տեսչության մարմնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սևանում ջրիմուռների թիվն այնքան է շատացել, որ տպավորություն կա, թե լիճը ծաղկել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Համբարյանը նշեց, որ շոգն ու ջերմաստիճանի բարձրացումը ամենաակնհայտ պատճառներն են, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ պատճառների թվում է լճում ֆոսֆորի պարունակության ավելացումը, ինչպես նաև ջրի մակարդակի տատանումները։

Մասնագետները նշում են, որ ջրային ավազանների ծաղկումը կամ դրանում վտանգավոր ջրիմուռների առաջացումը ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային խնդիր է, որը հանգեցնում է քաղցրահամ ջրերի որակի վատթարացման։ Իսկ դրա հիմնական պատճառն աշխարհում համարվում է գլոբալ ջերմացումը, որից անմասն չէ նաև Հայաստանը։