Փաշինյան. «Ես Պուտինին ավելի բարդ մարդ էի պատկերացնում»

Հայաստանի կառավարության ղեկավարը կարծում է, որ իր ու ռուս առաջնորդի հարաբերություններն անմիջական ու անկեղծ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ընդարձակ հարցազրույց է տվել։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի հանդեպ իր ունեցած վերաբերմունքին։

Այն հարցին` ինչպիսի՞ն էր Նիկոլ Փաշինյանը պատկերացնում Վլադիմիր Պուտինին, շփման հարցում ավելի բարդ թե՞ ավելի թեթև մարդ, ՀՀ վարչապետն ասել է. «Անկեղծ ասած, ես նրան ավելի բարդ ու ծանր էի պատկերացնում»։

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան. հարաբերություններ առանց մութ անկյունների

Փաշինյանը խոստովանել է, որ Պուտինի անմիջականությունն ու անկեղծությունն իր համար հաճելի անակնկալ էր։

«Ի՞նչն է ինձ դուր գալիս մեր հարաբերություններում։ Այն, որ մենք ամեն ինչի մասին խոսում էինք բացահայտ ու անկեղծ։ Մոսկվա իմ այցից հետո ես ասացի, որ մեր հարաբերություններում` Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում, մութ անկյուններ չպետք է լինեն», – ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով` դա չի նշանակում, որ երկրների ղեկավարները միշտ համաձայն են լինելու միմյանց հետ, դա նշանակում է, որ նրանք միշտ անկեղծ են լինելու իրար հետ։

«Կարծում եմ` ամենամեծ ընկերությունն այն է, երբ երկու պետությունները, երկու մարդիկ, միմյանց աչքերին են նայում ուղիղ, անկեղծ ու ազնիվ», – նշել է Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե շփումը կարող է նաև հեռախոսով լինել, Փաշինյանն ասել է. «Բայց ես հիշում եմ նրա աչքերը, իսկ նա իմն է հիշում»։