Փաշինյան. 102–րդ ռազմակայանի առկայությունը Հայաստանի շահերից է բխում

Հայաստանը չի պատրաստվում հանել իր տարածքից ռուսական ռազմաբազան ու սահմանապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսական ռազմակայանի առկայությունը Գյումրիում բխում է մեր ազգային շահերից։ Այս մասին Փաշինյանն ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Այն շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի համար։ Մենք ունենք պայմանավորվածություններ ու ըստ այդ պայմանավորվածությունների` այդ ռազմակայանը հստակ պարտականություններ ունի», – ասաց Փաշինյանը։

Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»

«Դա համապատասխանում է ոչ թե իմ կամ որևէ ղեկավարի պատկերացումներին։ Դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին. դա պարզ է բոլորին», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ռուս սահմանապահների ներկայությանը։ Նրա խոսքով` նրանք հսկում են Իրանի, ու ինչն ավելի կարևոր է` Թուրքիայի սահմանը։

«Դա Հայաստանին շատ է պետք… Մեր զինված ուժերն ազատված են այդ պարտականությունից։ Քանի որ ծանրաբեռնվածություն կլիներ մեզ վրա վերցնել այդքան երկար սահմանի հսկողությունը», – նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` ռուսական զորքերը հանելու մասին անգամ խոսք չի կարող լինել։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ որոշ քաղաքագետներ ու փորձագետներ անտեսում են իր հայտարարությունները։

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է 102-րդ ռազմակայանը, այն մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում:

2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով: