Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեց ու գնաց, Յուրի Խաչատուրովը` մնաց

Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրված երկրորդի հարցաքննությունը տեսանկարահանվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քոչարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ և տեսանկարահանվել է: Այն առայժմ հրապարակման ենթակա չէ և կցվելու է քրեական գործի նյութերին։

Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։

Նշենք, որ այսօր առավոտից ՀՔԾ շենքի մուտքի մոտ սպասող լրագրողներին այդպես էլ չի հաջողվել հանդիպել հարցաքննության կանչված Քոչարյանին։

Նա շենք է մուտք գործել, ապա հեռացել հետնամուտքով։

Փոխարենը լրագրողները հանդիպել են քննչական մարմին ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նա հայտնել է, որ որպես վկա հարցաքննվելու է մարտի 1-ի գործով։ Նա ևս այս պահին դեռ դուրս չի եկել Հատուկ քննչական ծառայության շենքից։

Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը

Մինչ այդ, ի դեպ, հայտարարվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության կներկայանա հուլիսի 26-ին, իսկ Խաչատուրովի հարցաքննությունը նախատեսված էր հուլիսի վերջին:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և, ըստ տեղեկությունների, մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։

2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով Խաչատուրովը նշանակվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։