«Փյունիկը» պարտվեց «Տոբոլին». ի՞նչը խանգարեց հայկական թիմին

Խաղի ընթացքում շատ քիչ էին դիպուկ հարվածները դարպասին, բայց մեկ գնդակ, այնուամենայնիվ, հաջողվեց ուղարկել դարպաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Կուստանայի «Տոբոլին»:

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Փյունիկը» որակավորման առաջին փուլում «Վարդարի» նկատմամբ երկու հաղթանակ տոնելուց հետո բարդությունների առջև էր կանգնել «Տոբոլի» հետ առաջին խաղից առաջ: Հայկական թիմի խաղացողներից հինգը նախապես մուտքի վիզայի խնդիր ունեցան: Մեծ ջանքերի գնով մեր թիմի ֆուտբոլիստները կարողացան թիմին միանալ Ղազախստանում: Միգուցե այս հանգամանքը խանգարեց մեր թիմին ավելի լավ արդյունքի հասնելու համար:

Ինչ վերաբերում է խաղին, ապա խաղային ու տարածքային առավելությունը «Տոբոլի» կողմն էր: Խաղի ընթացքում շատ քիչ էին դիպուկ հարվածները դարպասին:Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը ընդամենը երկու դիպուկ հարված է կատարել դարպասին, որից մեկը արդյունավետ է եղել, իսկ «Տոբոլն» էլ իր հերթին երեք հարված է կատարել դարպասին, բայց այդ երեք հարվածներից երկուսն արդյունավետ էին:

Առաջին կեսում մեր թիմին հաջողվեց դարպասը պահել անառիկ, բայց ընդմիջումից անմիջապես հետո ղազախական թիմը հասավ հաջողության Մաքսիմ Ֆեդինի հարվածից հետո, իսկ խաղի ավարտից տասը րոպե առաջ Ազատ Նուրգալիևը զարգացրեց «Տոբոլի» հաջողությունը: Բաց թողած գնդակից հետո «Փյունիկին» հաջողվեց խփել հեղինակության գնդակը: Մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում Ռուսլան Կորյանը կրճատեց հաշիվը՝ 1:2:

Այսպիսով Կորյանի խփած գնդակը բավականին լավ շանսեր է տալիս «Փյունիկին» հաջորդ փուլ դուրս գալու համար:

Հուլիսի 31-ին Երևանում կայանալիք պատասխան խաղի ժամանակ մեր թիմին բավական է հաղթել 1:0 հաշվով, ու այդ դեպքում «Փյունիկը» իրավունք կստանա հանդես գալու որակավորման երրորդ փուլում: