Ովքե՞ր են ամենից շատ գումար փոխանցել հեղափոխության համար. Փաշինյանը բացեց փակագծերը

Փաշինյանը հորդորել է ոչնչացնել սև ցուցակները։
Sputnik

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 26 հուլիսի – Sputnik. Թավշյա հեղափոխության համար գումարների մոտ կեսը փոխանցվել են Ռուսաստանից։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Թավշյա հեղափոխության «գինը»

«Ռուսաստանի հայերն ամենամեծ ավանդն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ 90 տոկոսը ֆինանսավորել է սփյուռքը, որից 50-ը` Ռուսաստանից»,- ասել է նա։

Վարչապետը նշել է նաև, որ ֆինանսավորման աշխարհագրությունն ամենայն հավանականությամբ կհրապարակվի։ Մարդիկ փոխանցել են իրենց աշխատավարձերի գումարները։ Փաշինյանի խոսքով` սա էր հեղափոխության բացառիկությունը. ժողովուրդն ինքը լուծեց իր խնդիրը։

«Ես չեմ եկել իշխանության, այլ ժողովուրդը»,- ասել է նա։

Դիմելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին` նա ասել է` իրեն տեղեկություններ են հասել, որ դեսպանատան մոտ ակցիաներին մասնակցած մարդիկ ինչ-որ սև ցուցակներում են ներառվել։ Փաշինյանը հորդորել է ոչնչացնել այդ ցուցակները, եթե այդպիսիք կան։

Նշենք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել այսօր` հուլիսի 26-ին։ Նա մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։