Վարչապետն առաջարկում է «փակել պատուհանները». Փաշինյանը` փոշիացված գումարների մասին

Կառավարության նիստում այսօր դարձյալ ուշադրության կենտրոնում պետական միջոցների հափշտակությունների ու փոշիացման հարցն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Կառավարությունը պատրաստ է մարզերին գումար տրամադրել, բայց համայնքները չունեն գումարը ծախսելու պատշաճ ծրագրեր, չունեն նաև գումար` համաֆինանսավորելու նշված ծրագրերը: Այսօր կառավարության նիստում, մարզերին խոստացված 10 մլրդ դրամի սուբվենցիայի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

Փաշինյանն ասել է, թե ուր կուղղվեն բացահայտումների արդյունքում վերադարձված փողերը

«Որտեղից ունենան, եթե, օրինակ` դպրոցում մարդիկ տարիներով իրենց բարեկամներին աշխատանքի են ձևակերպել, և նրանք, տարիներով աշխատանքի չգալով, աշխատավարձ են ստացել»,- նախարարին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ կոռուպցիոն բացահայտումները վկայում են համայնքային ծրագրերում առկա չարաշահումների ռիսկերի մասին, հատկապես` տենդերների անցկացման ընթացքում:

«Տենդեր բառի մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ ֆինանսների նախարարությունը սկսել է բարեփոխել պետգնումների ամբողջ համակարգը:

«Մենք ասում ենք` մեր պետության հնարավորությունները սահմանափակ են, բայց երբ ուսումնասիրում ենք, թե այդ սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ իրականում այդքան էլ սահմանափակ չեն: Օգտագործվում է հնարավորությունների 30-40 տոկոսը: Մնացածը` նետեք ձորը: Մենք պետք է այդ ձորի պատուհաններն ու դռներն ամուր փակենք, որ որևէ մեկը ոչինչ չնետի ձորը»,- ասաց վարչապետը:

Որոնք են Հայաստանի ամենահարուստ և ամենաաղքատ մարզերը

Նրա խոսքով` չկա մի ոլորտ, որտեղ ուսումնասիրություն անելիս, չբացահայտվի ցնցող իրողություն` պետական միջոցների փոշիացման:

Փաշինյանի կարծիքով, եթե Հայաստանն այսօր օգտագործի իր հնարավորությունների ամբողջ ծավալը, երկրում բոլորովին այլ իրավիճակ կլինի:

«Պարոն Սանասարյան, խնդրում ենք ուսումնասիրել` արդյոք այսօր էլ նույն բանը չի կատարվում»,- պետական վերահսկողական ծառայության ղեկավարին դիմելով` ասաց վարչապետը:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքում բյուջե վերադարձված գումարից 10 մլրդ դրամը հատկացնել մարզերին` որպես սուբվենցիա` համայնքային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: