ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. 52-ամյա կինը, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից, 2017-2018 թվականների ընթացքում չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը` նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ծառայությունից վաղաժամկետ ազատ արձակելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով, պահանջել և խարդախությամբ հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քննությամբ բացահայտվել է 5 դրվագ, նշված բոլոր դեպքերում էլ 52-ամյա կինը որպես կաշառք պահանջված գումարը ստացել է, բայց այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և խարդախությամբ հափշտակել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 52-ամյա կնոջ կողմից առերևույթ խարդախությամբ գումար հափշտակելու հնարավոր այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։