Նախկին պաշտոնյայի որդիների բիզնեսն արտոնություն ստացավ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիները որոշել են այգիներ հիմնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահի որդիների բիզնեսին հարկային արտոնություն տրամադրելու հարցը կառավարությունը որոշեց քննարկել հրապարակավ:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Նման ծրագրերի ընդունումից կամ մերժումից փորձ է արվում քաղաքական հետևություններ անել»:

Վարչապետը նշեց, որ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն երկրորդ անգամ է հարկային արտոնություն ստանում, և դա արվում է միայն նախորդ արտոնության նպատակային լինելը և ծրագրի պատշաճ իրականացումը ստուգելուց հետո:

Կառավարությունը հրաժարվել է արտոնություն տրամադրել Ռուբեն Հայրապետյանի ռեստորանին

«Եղել են դեպքեր, երբ ընկերությունը ստացել է արտոնություն, և երբ արտոնյալ ժամկետը լրացել է, ու ընկերությունը պետք է սկսեր ամբողջ ծավալով հարկ վճարել, պարզվել է, որ այն սննկացել է ու ոչ մի գույք չունի»,- ասաց Փաշինյանը` կարևորելով նման դեպքերը բացառելու համար վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է այսօր արտոնություն ստացած «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին, այն պատրաստվում է Արարատի մարզի Երասխ գյուղում տեխնոլոգիական ինտենսիվ այգիներ հիմնել: Ընկերությունը խոստանում է 1.4 մլրդ դրամ սեփական միջոցների և 470 մլն դրամ վարկային միջոցների ներդրում անել: Ծրագրով նախատեսվում է առաջիկա 3 տարում բացել 250 նոր աշխատատեղ` միջինը 120 000 դրամ աշխատավարձով:

Նշենք, որ «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի բաժնետոմսերը պատկանում են պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի երկու որդիներին՝ Հենրիկ և Ռուբեն Հարությունյաններին:

Այս ընկերությունն առաջին հարկային արտոնությունը ստացել էր 2017թ. հուլիսին: