ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
«Հայաստանի համար շատ կարևոր է ատոմային էներգետիկա ունենալ, ու մենք հիմա հույս ունենք, որ կերկարացնենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը մինչ 2040 թվականը։ Իսկ մինչ այդ կփորձենք նոր ատոմակայան կառուցել։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, ցավոք, տվյալ պահին Հայաստանը բավարար չափով ֆինանսական միջոցներ չունի, որ ինքնուրույն շինարարություն սկսի։
Նա նշել է, որ եթե ռուսաստանցի գործընկերներն օգնեն, Հայաստանը սիրով կսկսի իրականացնել այդ նախագիծը։
Հայաստանի գործող ատոմակայանը պետք է ավարտեր իր աշխատանքը 2016 թվականին։ Հիմա Ռուսաստանի տրամադրած վարկի ու դրամաշնորհի գումարով կայանում հիմնանորոգում է իրականացվում` ԱԷԿ–ի կյանքը 10 տարով երկարացնելու համար։