Թմրաբիզնես գաղութից՝ ինտերնետի միջոցով

Քննչական կոմիտեն բացահայտել է կալանավորի ձևավորած հանցախմբերի իրականացրած թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի շարք
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, տևական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, ստեղծել է կայուն կազմակերպված խմբեր:

«Արմավիրի» կալանավորին այցելած կինը հնարամտություն է դրսևորել. լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այդ խմբերին կալանավորը ղեկավարել է ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային հեռախոսների միջոցով։ Նա պլանավորել է առերևույթ հանցագործության կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել դերերի բաշխում:

Քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը նշված խմբերի անդամների միջոցով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և շուրջ 196 դեպքով տարբեր անձանց ապօրինի իրացրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց:

Պարզվել է ինչպես կազմակերպված խմբի անդամների, այնպես էլ՝ կազմակերպված խմբին թմրամիջոցներ մատակարարած, խմբի անդամներից թմրամիջոց ձեռք բերած, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված այլ անձանց ինքնությունը:

Իրավապահները բացահայտել են կազմակերպված խմբի գործունեության մեխանիզմները, հայտնաբերվել հանցագործության գործիքները, հանցավոր նպատակներով օգտագործվող թաքստոցները:

Կազմակերպված խմբի ղեկավարի, անդամների և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված 6 անձի առաջադրվել են մեղադրանքներ, նրանց վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշենի» ու «Արմավիրի» պետերին

Ավելի վաղ նույն քրեական գործից անջատվել և դատարան էին ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված ևս 5 անձի վերաբերյալ քրեական գործերը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են նաև, որ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հանցագործություն ծնող պատճառները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։