Աննա Հակոբյանն ԱԱԾ տնօրենի ու մշակույթի նախարարի հետ է դիտել «Գայանե» բալետը. լուսանկարներ

Արամ Խաչատրյանի հայտնի բալետը Մեծ թատրոնի բեմ է բարձրացել մոտ 60 տարվա ընդմիջումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Մոսկվայի մեծ բեմում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը դիտել են նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Մինչ բալետի սկսվելը՝ ելույթով հանդես են եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Բալետ-ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: