Հենրիխ Մխիթարյանը հաղթել է գրազը. տեսանյութ

Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթել է գրազը` մտնելով սառցաջրով լցված տարայի մեջ։ Նա տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

«Մի քիչ ցուրտ էր, բայց ես հաղթեցի գրազը», — գրել է նա։

Տեսանյութում Հայաստանի հավաքականի ավագը կանգնած է սառցե ջրում։ Երբ նա դուրս է գալիս տարայից, երևում է, որ նրա հագին սպիտակ գուլպաներ են։ Օգտատերերի աչքից չի վրիպել դա, և նրանք հումորային մեկնաբանություններ են գրել։

«Ինչո՞ւ է նա գուլպաներով», «Գրազ գանք, որ մայրը միշտ ասել է` գուլպա հագիր, կմրսես», «Մարդը ոտքերից է մրսում, տաք պահիր քեզ», «Մայրն ասել է` ինչ անում ես, գուլպաներով արա», — գրել են օգտատերերը։

Տեսանյութը 12 ժամում դիտել են ավելի քան 110 հազար անգամ։

Մխիթարյանը տարբեր կատակներ և խաղեր է սիրում։ Վերջերս նա Instagram-ում մրցույթ էր հայտարարել Micki Toy խաղալիքի համար, բայց արգելել էր այդ մրցույթին մասնակցել «Արսենալի» մտերիմ ընկերոջը` Պիեր Էմերիկ Օբամեյանգին։ Մինչ այդ Մխիթարյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր` ինչպես են «Արսենալի» խաղացողները ավտոբուսում երգում «Մի գնա» երգը և պարում դրա տակ։