Չարաշահումներ են արել նույնիսկ թաղման ու սգո ծառայությունների մատուցման ընթացքում

«Ռեքվիեմ» սգո ծառայության տնօրենը 15 մլն դրամի վնաս է տվել պետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեն պարզել է, որ պետությանը վնաս են պատճառում անգամ թաղման ու սգո ծառայությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Վերջին 2 ամսում կատարված բացահայտումները. որքա՞ն վնաս է հասցվել պետությանը

Մասնավորապես` նման ծառայություններ մատուցող «Ռեքվիեմ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը 2014-2016թթ-ի ընթացքում տարբեր մեթոդներով խուսափել է հարկային պարտավորություններից։

Բազմաթիվ հարկատեսակներ չվճարելուց ու ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելուց բացի, նա նաև 8 չգրանցված աշխատող է ունեցել, որոնց աշխատավարձերն ու դրանց դիմաց հարկերը ևս չեն արձանագրվել հարկային մարմնում։

Արդյունքում «Ռեքվիեմը» 15.267.217 դրամի վնաս է պատճառել պետությանը, ներառյալ` տույժերն ու տուգանքները:

Նախաքննության ընթացքում տնօրենն արդեն վերականգնել է 6,7 մլն դրամը։ Մնացածը կվերականգնի արդեն հարկային մարմնի կազմած ժամանակացույցով։

Սգո ծառայության տնօրենին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունն ավարտվել է։

Ի դեպ, նշենք, որ «Ռեքվիեմի» սեփականատերն ու հիմնադիր-տնօրենը Արտակ Դաշտոյանն է, որը, բացի «Ռեքվիեմից», նաև մի քանի տասնյակ այլ ընկերությունների սեփականատեր ու համասեփականատեր է։

«Ռեքվիեմ» ՍՊԸ-ն 3 մասնաճյուղ ունի` Երևանի Պարոնյան, Արտաշիսյան, Մարգարյան փողոցներում։