ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ. Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետը կարծում է, որ պիտի ամեն ինչ անենք ԵԱՏՄ–ին մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ): Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում` մանրամասնելով, թե հատկապես ինչու է ինքը մասնակցում այս նիստին։

Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների և ԵԱՏՄ շուկայի մասին

«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:

Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին ու վարչապետների խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ»,–գրել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ դեռևս Թավշյա հեղափոխության ինքն ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը իրենց նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անեն այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հենց այդ պատճառով նա որոշում է կայացրել Սանկտ-Պետերբուրգ մեկնելու:

Նշենք, որ հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։