ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Իրավիճակը սահմանին կայուն է, բայց պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: Այսօր ՊՆ-ում ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Նախիջևանի սահմանին տիրող վիճակին` Տոնոյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնել դիրքերը, հայկական զինուժը միջոցներ է ձեռնարկում չեզոքացնելու հակառակորդի գործողությունները:
«Զինված ուժերն այնպիսի գործողություններ են ձեռնարկել, որ չեզոքացրել են այդ միջդիրքային տարածության կրճատումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս «EaDaily»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ 2016 թ. ապրիլյան մարտերից հետո հայկական կողմը ռազմական հետևություններ է արել և Ադրբեջանին թույլ չի տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը:
Նա նշել էր, որ հայկական կողմն ինքը կարող է նախահարձակ լինել՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: