Ծաղիկներ, մոմեր` Հունաստանի դեսպանության մոտ. հայ ժողովուրդը կիսում է հույների ցավը

Վերջին տվյալներով` Հունաստանում հրդեհի հետևանքով 81 մարդ է զոհվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի- Sputnik. Հայաստանում Հունաստանի դեսպանատան մոտ այսօր հիշատակի միջոցառում էր կազմակերպվել։ Հույն ժողովրդի ցավը կիսող հայաստանցիները ծաղիկներ էին խոնարհում և մոմեր վառում` հրդեհի զոհ դարձած անմեղ քաղաքացիների հիշատակի համար։

Դեսպանությունը ճշտում է Հունաստանի հրդեհից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՅԴ երիտասարդների կողմից։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:

Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով 81 մարդ է զոհվել: Վնասվածքներ է ստացել ավելի քան 187 մարդ։

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որով իր ու հայ ժողովրդի վշտակցությունն և զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: