Ինչո՞ւ է հերթ գոյացել Բագրատաշենի անցակետում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Մաքսակետում արագ սահմանահատում ապահովելու նպատակով բեռնատար և ուղևորային տրանսպորտային միջոցների համար գործում են առանձին երթուղիներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Բագրատաշենի պետական սահմանային անցումային կետում (ՊՍԱԿ) տրանսպորտային միջոցների հերթերը պայմանավորված են վերջին ամիսներին ուղևորաբեռնափոխադրումների ծավալների աննախադեպ աճով: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես, հանգստյան սեզոնով պայմանավորված՝ մի քանի անգամ ավելացել են այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով փոխադրումների քանակը:

Նշված տրանսպորտային միջոցներն օրենսդրության պահանջով մաքսային մարմինների կողմից հաշվառվում են, ինչով պայմանավորված՝ 15-20 րոպե կայանվում են մաքսակետի տարածքում:

Վերջին շրջանում, հատկապես շաբաթ և կիրակի օրերին, կտրուկ աճել է նաև Վրաստանի Հանրապետությունում ձեռք բերված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներկրումը, որոնք մաքսակետում ձևակերպվում են տարանցիկ մաքսային ընթացակարգով:

Մաքսակետում արագ սահմանահատում ապահովելու նպատակով բեռնատար և ուղևորային տրանսպորտային միջոցների համար գործում են առանձին երթուղիներ:

ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից չեն հաշվառվում և դրանցում ձևակերպման ենթակա ապրանքների բացակայության դեպքում արագ և անարգել անցնում են անցակետի տարածքը:

Նշենք` այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ այս օրերին Բագրատաշենի մաքսակետում մարդկանց և մեքենաների անվերջանալի հերթեր են գոյանում, վարորդների և ուղևորների նյարդերը տեղի են տալիս, ու անգամ հաշվի չառնելով սահմանապահների ներկայությունը` նրանք վիճաբանում, միմյանց վիրավորում ու հրմշտում են։