Մեր պատասխանը համարժեք կլինի Ադրբեջանի ռազմավարությանը. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է, ինչը չես ասի Ադրբեջանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հայաստանի պատասխանն Ադրբեջանի գործողություններին համարժեք կլինի։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական կողմը հավատարիմ է եղել և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ լուծմանը։ Ցավոք, մենք նման տրամադրվածություն չենք տեսնում ադրբեջանական կողմի մոտ։ Այսպես թե այնպես, մենք շարունակում ենք ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը», — ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ հակազդեցությունը համարժեք կլինի ստեղծված իրավիճակում։

Հարցին, թե նշանակում է արդյոք, որ Հայաստանը փոխում է ռազմավարությունը` պաշտպանականից անցնելով հարձակողականի, Փաշինյանը պատասխանեց. «Որևէ մոտեցում կարծրացած չէ, որևէ դիրքորոշում պետք է լինի համարժեք»։

Նշենք, որ այսօր լեյտենանտի կոչում ստացան ավելի քան 200 կուրսանտներ։