Հայաստանում վաճառում են վտանգավոր թռչնամիս. ներմուծողներն ու խանութները «տեր չեն»

Մանրածախում վտանգավոր հավի միս է հայտնվել. մի շարք սպառողներ արդեն իսկ նման ահազանգեր հնչեցրել են մամուլում ու սոցցանցերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ներկայացված նմուշներից երևում է, որ հավը թույլատրելիից ավելի խոնավ է (ջրով և արյունով) և փոխել է գույնը: Հավը ներմուծվել է ՌԴ Սարատովի մարզում գործող «Курников» թռչնակոմբինատից: Մսի կտրվածքներից երևում են մանրէական աղտոտվածության ենթադրյալ նշաններ:

Образцы курятины для лабораторного анализа

«Курников»-ը Հայաստանում ունի ներկայացուցիչ: Նրա տվյալները մակնշված են փաթեթի վրա՝ հասցե և բջջային համար, որը չի պատասխանում: Որոշ փաթեթների վրա դա էլ չկա. ուղղակի ծածկված են պոլիէթիլենով: Ասել կուզի՝ պատասխանատու է ոչ միայն արտադրողը, այլև՝ Հայաստան ներմուծողը և մանրածախում վաճառողը:

«Հավն այնտեղից բերել, փորձել են արագ իրացնել: Երբ չի ստացվել, նորից դրել են սառնարան: Կրկնակի սառեցման մասին վկայում է մսի արտաքին տեսքը: Այն սկսում է սևանալ, մսեղիքի վրա մուգ բծեր են առաջանում: Հետո էլ միսը դառնում է շատ խոնավ ու լորձոտ: Ամենայն հավանականությամբ, մսի մեջ նաև ներարկվել է թույլատրելիից ավելի հեղուկ, որի հետևանքով միսը մգացել է ու խոնավացել», — նշում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Երևանյան խանութներում դարձյալ կասկածելի թռչնամիս է հայտնաբերվել

Վերջին ամիսներին ավելացել են ցածրորակ ներմուծումները Ռուսաստանից: Ինչու՞: Պատասխանը պարզ է՝ ապրանքը կասկածելի էժան է: Կասկածելի՝ որակի առումով: «Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին նման  էժանագին թռչնամիս չի ներկրվել Հայաստան», — ընդգծում է Ստեփանյանը:

Այդպիսի միսը հանձնում են ոչ միայն մանրածախին: Բազմաթիվ կիսալեգալ արտադրամասեր սառեցված թռչնամիսը «տեսքի են բերում» տարբեր լուծույթներով, ապա՝ մասնատում ու վաճառքի հանձնում իբրև թարմ:

«Այդպիսի միսը շատ հեշտ է ստուգել: Բավական է մի կտոր միս կտրել ու այրել. ռետինի տհաճ հոտ կգա», — ընդգծում է Ստեփանյանը:

Հետքերը կորցնելու» համար միսը թերի են մակնշավորում, կամ էլ՝ ընդհանրապես չեն մակնշավորում: «Ինչպես ասացի՝ ներմուծողը հասանելի չէ: Իսկ եթե խանութն է այդ հավը կտրատում ու վաճառում, փաթեթի վրա պարտադիր մակնշման տվյալները չի նշում, որպեսզի չընկնի պատասխանատվության տակ», — նշում է Ստեփանյանը:

Образцы курятины для лабораторного анализа

Իրավիճակը պետք է վերահսկեն երկու մարմիններ. մսի որակը և անվտանգությունը պիտի ստուգի ՍԱՊԾ-ն, իսկ իրացման շղթան ՊԵԿ-ը՝ ի դեմս հետբացթողումային հսկողության վարչության:

Վիճակն ավելի տագնապալի է, եթե նկատի ունենանք, որ ըստ ՌԴ հարավային ռեգիոններից ստացված տվյալների, այնտեղ գրանցվել են թռչնագրիպի դեպքեր: Անհանգստացած են նաև տեղի արտադրողները, քանի որ սա անհավասար մրցակցության փաստացի դրսևորում է:

Այս կապակցությամբ Սննդի անվտանգության ծառայությունում մեզ հայտնեցին, որ խնդրի մասին ազդարարել են Ռոստեխնադզորին: Առաջիկայում այնտեղից մանրամասն տվյալներ կուղարկեն՝ թռչնագրիպով վարակված տարածքների մասին, որպեսզի Հայաստանի գործընկերներն իմանան, թե որ ներմուծումն է վտանգավոր, որը՝ ոչ:  Մեկ-երկու օրից էլ կստուգեն Հայաստանի մանրածախ ցանցը, ինչպես նաև՝ կփորձեն հայտաբերել «Курников»-ի ներմուծողին: