Դեսպանությունը ճշտում է Հունաստանի հրդեհից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը թեժ գիծ է բացել` տուժածների մասին ինֆորմացիա հավաքելու և տրամադրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Նախնական տվյալներով` Հունաստանի մայրաքաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի պատճառով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։

«Մենք դեռ պաշտոնական տեղեկություն չունենք։ Սակայն  ըստ նախնական տվյալների`հրդեհի հետևանքով տուժածների ու մահացածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան», – այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հունաստանում Հայաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Ալեքսանդր Սարգսյանը։

Ինչ է պետք անել հրդեհի պահին. Երևանի խոշոր օբյեկտներում վարժանքներ կանցկացնեն փրկարարները

Հունաստանում Հայաստանի դեսպանությունում էլ Հայաստանի քաղաքացիներին օժանդակելու համար գործարկել է թեժ գիծ։ Այս մասին տեղեկություն կա դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Հունաստանի Ատիկա և մյուս շրջանում տեղի ունեցող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հուլիսի 23–ին Հունաստանում՝ Աթենքից 55 կմ արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են:

Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց: Հրդեհի հետևանքով 69 մարդ հոսպիտալացվել են, նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում։

2007 թվականին ամբողջ Հունաստանում նույնպես հրդեհներ էին բռնկվել։ Վերլուծաբաններից շատերը համոզված են, որ դրանց պատճառը հրկիզումներն են` երկրում իրավիճակը ապակայունացնելու ու նախկին վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսին իշխանությունից հեռացնել նպատակով։