Ռոբերտ Քոչարյանը կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից». «Հրապարակ»

«Հրապարակի» տվյալներով՝ չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք չունեն անձեռնմխելիություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին Մարտի մեկին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել» Մարտի 1-ի «բեռից», ու դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով։

Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։

«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։ Իսկ եթե չտեսագրվի հարցաքննությունը և չհանրայնացվի՞։ «Հրապարակայնացման ձևեր կգտնվեն»։