«Քեթրինի Միհրանի» անվան հետ կապվող ընկերությունները միլիոններ են վճարել պետբյուջե

Վճարել են գումարները, քրեական գործը կարճվել է, բայց ՊԵԿ– որոշել է վերստուգումներ անցկացնել այդ ընկերություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Հայտնի անձինք ու նրանց ընկերությունների փաստացի տերերը. ՊԵԿ–ի նոր պարզաբանումը

Վերագրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով:

Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Քեթրին» գրուպը», ըստ ԶԼՄ-ների տվյալների, պատկանում է պատգամավոր Միհրան Պողոսյանին։ Նա, սակայն, վստահեցնում է, որ այդ ընկերության հետ որևէ կապ չունի։