Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

Որոշումն այսօր ընդունվել է Էջմիածնի ավագանու նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այլևս Էջմիածնի պատվավոր քաղաքացի չէ։

Նրան Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը կայացվել է այսօր` հուլիսի 24-ին, Էջմիածնի ավագանու նիստում:

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասաց, որ փորձել են ֆեյսբուքով հարցում անցկացնել այս հարցի վերաբերյալ և պարզել էջմիածնեցիների կարծիքը, սակայն դժվար է եղել հասկանալ՝ հարցման մասնակիցների որ մասն է էջմիածնեցի:

Կզրկվի արդյո՞ք Մանվել Գրիգորյանն Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից` կորոշի էջմիածնեցին

«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, ես որպես իրավաբան դրա հետ համաձայն չեմ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը, թե՛ դրանից զրկելը իրավական հետևանքներ չի ենթադրում ու չի առաջացնում։ Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է և այդպես էլ դիտարկում է հանրությունը: Քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը խիստ քաղաքային հարց է, որը քաղաքում առկա տրամադրությունները  հաշվի առնելով, պետք է  լուծել»,-ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ եթե Արցախի հերոսի կոչումից զրկելու հետ կապված հանրությունը ուներ խնդիր, որովհետև դա պատերազմական գործողությունների ժամանակ Մանվել Գրիգորյանի ցուցաբերած սխրանքներին էր վերաբերում և թերեւս ճիշտ կլինի դատաքննությունից հետո որոշում կայացնել, ապա այս պարագայում նույնը չէ:

Մանվելի Գրիգորյանի հետքերով. ՊՆ–ն անմիջապես գեներալին ոչինչ չի փոխանցել

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22–ին Արթիկի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Արթիկի պատվավոր քաղաքացի կոչումից։