ԱԺ կուսակցությունների թիվը կավելանա. ինչո՞ւ է նախկին իշխանությունը դեմ

Անցողիկ շեմը, ամենայն հավանականությամբ, կիջնի, որպեսզի ավելի շատ կուսակցություններ կարողանան ընդգկվել խորհրդարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային ժողովի անցողիկ շեմը պետք է 1%-ով իջեցնել։ Այս առաջարկությունը հավանության արժանացավ ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ։

«Հիմնադիր խորհրդարանը» նոր ստեղծվող կուսակցության համար անդամներ է հավաքում

Քննարկումներին մասնակցում էին ԱԺ չորս ուժերի երեքական անդամ։

ՀՅԴ-ն, «Ելքն» ու «Ծառուկյանն» առաջարկում են անցողիկ շեմը կուսակցությունների համար 5%-ից իջեցնել 4%, նախընտրական դաշինքների համար` 7%-ից 6%։ Դա փոքր կուսակցություններին թույլ կտա հայտնվել խորհրդարանում ու ներկայացնել իրենց քաղաքական հայացքները։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական մրցակցությունը կուժեղանա` իր բոլոր դրական հետևանքներով։

Դեմ էր միայն Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա համոզված է, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռ չի կայացել, և կուսակցությունների չափազանց մեծ քանակը կարող է անկայունություն ստեղծել քաղաքական կոալիցիաներում։ Հարությունյանը հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունն էլ կարող է քանդվել, ինչը կխանգարի կառավարության աշխատանքին։

Այլ բան է, երբ Հայաստանում քաղաքական մշակույթ ձևավորվի, ու կուսակցությունները սկսեն իրար հետ պայմանավորվել և ոչ թե առևտուր անել։ Հարությունյանն ավելացրեց, որ այդ ժամանակ շեմը կարելի է նույնիսկ մինչև 3% իջեցնել։

Այդուհանդերձ, մյուս երեք ուժերը «կողմ» քվեարկեցին ու հավանություն տվեցին առաջարկությանը։