Ինչո՞ւ է ԱԺ–ն 5.1 միլիոն դրամ ծախսել ուղեգորգեր գնելու համար. պարզաբանում է Սարոյանը

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարը նշում է, որ ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ։ ԱԺ–ի համար ուղեգորգեր գնելու հրապարակումների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը։

ԱԺ-ում փորձում են փակել «տեղական ֆեոդալների»` պատգամավորական աթոռ տանող ճանապարհը

«Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք:

Հավելենք, որ ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:

Ի հավելումն նշենք, որ խոսքը ոչ թե 600 հատ ուղեգորգի, այլ 600 քմ ուղեգորգի մասին է, որի 1քմ արժե 8500 դրամ»,–գրել է Սարոյանը:

Անդրադառնալով  նկատառմանը, թե գնման փաստաթղթերի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը` Սարոյանը տեղեկացրել է, որ Գագիկ Մխեյանը գնումների կազմակերպման նպատակով գործող հանձնաժողովի նախագահն է և տրամաբանական է վերջինիս ստորագրության առկայությունը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ-ը դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել։