Մամեդյարովն ու Մնացականյանը կրկին կհանդիպե՞ն. պարզաբանում է ԱԳՆ–ն

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է հայ գործընկերոջ հետ կրկին հանդիպելու մասին։ Sputnik Արմենիան հանդիպման մասին մեկնաբանություն է ստացել ՀՀ արտգործնախարարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ սեպտեմբերին հանդիպում է նախատեսված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, հանդիպում նախատեսված է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ է պետք։ Առաջարկվել է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կամ դրանից առաջ։ Սեպտեմբերին է ծրագրվում։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը»,- այսօր Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է նա։

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպման մասին պայմանավորվածություններ դեռ չկան։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել ։ Եթե համաձայնեցվի տեղն ու ժամկետը, մենք հավելյալ կտեղեկացնենք»,- Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը կայացել էր հուլիսի 11-ին Բրյուսելում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է ունեցել։