Բաքուն թույլ չի տալիս Կարմիր խաչին տեսնել հայ գերուն. ի՞նչ պետք է անի Հայաստանը

Ադրբեջանը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ լիովին կարող է անտեսել միջազգային բոլոր կոնվենցիաներն ու մարդասիրական նորմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ադրբեջանական իշխանությունները մինչև հիմա թույլ չեն տալիս Կարմիր խաչի ներկայացուցիչներին տեսնել Հայաստանի գերեվարված քաղաքացի Կարեն Ղազարյանին` չնայած նրան, որ Ղազարյանին գերի վերցնելու պահից արդեն մեկ շաբաթ է անցել։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը 34-ամյա տղամարդուն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դիվերսանտ է հայտարարել։ Երևանը հերքել է այդ պնդումները` ներկայացնելով համապատասխան ապացույցներ։

Բաքվի իշխանությունների պահվածքը չպետք է զարմացնի որևէ մեկին, կարծում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Ինչպես նա նշեց Sputnik Արմենիայի հետ զրույցում, պաշտոնական Բաքուն դիվերսանտ է ներկայացնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են այդ երկրի տարածքում։ Առաջին հերթին, նման մարտավարությունն ուղղված է ներքին լսարանին, և հետո, քաղաքացիական անձանց ներկայացնելով որպես զինծառայողներ և դիվերսանտներ, ադրբեջանական կողմը փորձում է պայմաններ ապահովել նրանց քրեական հետապնդման համար։

«Իրավիճակը կարող է կարգավորել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ լիովին կարող է անտեսել է բոլոր միջազգային կոնվենցիաները և մարդասիրական նորմերը», — ասաց Նահապետյանը։

Հայտնի է, որ Ղազարյանի ազգականները դիմել են Մարդու իրավունքի եվրոպական դատարան` պահանջելով համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին։ Նահապետյանի կարծիքով` դա կարող է դրական արդյունք տալ, քանի որ միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա միշտ ազդեցություն է ունեցել, և հաճախ գերի ընկած քաղաքացուն ուղարկել են երրորդ երկիր։ Սակայն այդ ամենը դեռ տեսական դիտարկումներ են։

Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից

Ադրբեջանական ղեկավարության հիմնական խնդիրն է պատանդից խոստովանություն կորզելը, որ նա զինվորական է, «դիվերսանտ» և Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր, իսկ հետո նրան դատապարտել ազատազրկման։ Այդ պայմաններում Հայաստանի միակ արդյունավետ քայլը կարող է լինել միջազգային իրավապաշտպան ատյաններ դիմելը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 15-ին հայտարարել է, որ «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում, և գերի է վերցվել «դիվերսիոն խմբի» անդամներից մեկին` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղազարյանը զինվորական չէ, այլ սահմանամերձ գյուղի բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։

ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան բյուրո` Ղազարյանի վերադարձը Հայաստան կազմակերպելու համար։