Nas Daily–ն Հայաստանում պատմել է` ինչու է մայրն արգելում «այո» ասել

Հետաքրքիր է, որ արաբերեն «ինշալլահ» բառի մասին տեսահոլովակ նկարահանելու համար բլոգերն ընտրել է աշխարհի առաջին քրիստոնեական երկիրը` Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստանում տեսահոլովակ է նկարահանել ու իր բաժանորդներին պատմել արաբերենի տարօրինակությունների մասին։ Նա ասել է նաև, թե իր մայրն ինչու է արգելում «այո» ասել։

«Եթե դուք իմ հարազատ արաբերենով չեք խոսում, ապա այս տեսահոլովակը կհեշտացնի ձեր կյանքը», —տեսանյութը մեկնաբանել է Nas Daily-ն։

Պարզվում է` արաբերեն «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն կարելի է ասել «ինշալլահ»։ Բլոգերն ասում է, որ ցանկացած անհասկանալի իրավիճակում «ինշալլահի» շնորհիվ կարելի է խուսափել պատասխանից։

Nas Daily-ն ասում է, որ այդ արտահայտությունը կրոնին կապված չէ, այն կարելի է տարբեր մշակույթներում հանդիպել։

Ընդամենը երկու ժամվա ընթացքում տեսահոլովակը 18 հազար «հավանության» է արժանացել։ Այն արդեն դիտել են մոտ 285 հազար անգամ։

Ավելի վաղ Nas Daily-ի (իսկական անունը` Նուսեյր Յասին) 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը։

Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։