Քաղտեխնոլոգը երկակի չափանիշներ է տեսնում Փաշինյանի կադրային քաղաքականությունում

Չի կարելի նախարար նշանակել մարդու, որը դեռ երեկ ինչ–որ փոքր հասարակական կազմակերպություն է ղեկավարել կամ ցույցեր անցկացրել, կամ ուղղակի նստած է եղել տանը, կարծում է քաղտեխնոլոգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի վարչապետի կադրային քաղաքականությունն աչքի չի ընկնում հետևողականությամբ, այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղտեխնլոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց փոփոխություններին։ Պաշտոններից հեռացել են փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը և վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը։

Ով հարմարվեց, կմնա, ով ոչ` կգնա. Փաշինյանը` կադրային քաղաքականության մասին

Քոչարյանի խոսքով` կառավարության երիտասարդացումը կարևոր է և օգտակար, ինքն էլ անձամբ միշտ խոսել է սոցիալական վերելակներ գործարկելու անհրաժեշտության, երիտասարդ ու հեռանկարային կադրերին առաջ մղելու մասին։ Բայց այն, թե ինչպես է դա արվում Հայաստանում, բազմաթիվ հարցեր է ծնում։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է մի շարք առանցքային ոլորտների ղեկավարների անփորձությանը։

«Չի կարելի նախարար նշանակել մարդու, որը դեռ երեկ ոչ մեծ հասարակական կազմակերպություն էր ղեկավարում կամ ցույցեր անցկացնում, կամ պարզապես նստած էր տանը։ Կադրերի նման հապճեպ ընտրությունն ազդում է մի ամբողջ կառույցի աշխատանքի որակի վրա», — համոզված է Քոչարյանը։

Փորձագետը նաև չբացառեց, որ Փաշինյանը տվյալ փուլում կադրերի յուրօրինակ «քասթինգ» է անցկացնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Դրա արդյունքում էլ կձևավորվի Փաշինյանի կադրային միջուկը։

Եվս մեկ խնդիր է նշանակումների անհետևողականությունը, նկատվում են երկակի չափանիշներ։ Քոչարյանի խոսքով` հասկանալի չէ, թե ինչու են որոշ փորձառու կադրեր զրկվել իրենց պաշտոններից այն պատճառով, որ աշխատել են նախկին թիմում, մյուսներն էլ պահպանել են պաշտոնները, քանի որ նոր իշխանություններին պետք են փորձառու կառավարիչներ։ Քաղտեխնոլոգը պնդում է, որ կադրային փորձարկումները բացասաբար են ազդում Փաշինյանի վարկանիշի վրա։