Պաշտոնաթող գեներալներից կվերցնեն պետական «գոլդ» համարները. Սանասարյանը հաստատեց

Կառավարությունը նախորդ իշխանության հրամանն «ապօրինի» է որակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկվում մի շարք պաշտոնաթող գեներալներից «գոլդ» համարանիշները հետ հավաքելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,- գրել է Սանասարյանը։

Նա նաև հայտնել է, որ գործընթացը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցի մասին զեկուցելուց հետո։

Հիշեցնենք` օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից արդեն վերցրել են նրա ավտոմեքենայի 999 II 99 համարանիշը։