Վերջին 2 ամսում կատարված բացահայտումները. որքա՞ն վնաս է հասցվել պետությանը

ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ: Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀՀ դատախազության նախաձեռնությամբ իրականացված բազմաոլորտ ուսումնասիրությունների` միայն այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում հրապարակված արդյունքներով պետությանը հասցված նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ:

Պետությունից թաքցված հարկերն ավելացել են ևս 600 մլն–ով. ՊԵԿ–ը նոր բացահայտում է արել

Ինչպես տեղեկացնում են դատախազության մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարվել է ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստի ընթացքում։

Բազմաթիվ օրինախախտումներ, առերևույթ հանցակազմ պարունակող չարաշահումներ են բացահայտվել ընդերքօգտագործման և բնական պաշարների արդյունահանման և իրացման, տարբեր հարկատեսակներով հարկային պարտավորությունների կատարման, պետական գնումների գործընթացի, հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման, տավարաբուծության, շինարարական աշխատանքների պետական ծրագրերի իրականացման, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման և այլ ոլորտներում:

Միայն հրապարակված այդ իրավախախտումների, առերևույթ հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցված՝ նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ:

Պետբյուջե վերադարձրին 800 միլիոն դրամ. ՊԵԿ–ը գնացել է պետությանը պատճառված վնասի հետքերով

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված՝ միայն նշված երկու ամսվա ընթացքում հրապարակված առերևույթ փաստերի առթիվ hարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարները խոշոր չափերով կատարելուց խուսափելու,  առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու,  ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ (ևս մեկով նյութեր են նախապատրաստվում): Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Լայն ծավալով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում նաև համապատասխան փորձաքննությունների նշանակմամբ՝ առավել հստակեցնելու պետությանը պատճառված վնասի չափերը, բավարար հիմքերի առկայության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցմամբ դրանց վերականգնմանը հետամուտ լինելու համար, պարզելու արձանագրված առերևույթ հանցագործությունների դեպքերով կոռուպցիոն սխեմաների հնարավոր առկայությունը, դրանցում պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեծապես կարևորվել է վարույթի ընթացքում քրեական հետապնդումներին զուգահեռ նմանատիպ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողների գույքի վրա կալանք դնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրավական բոլոր այլ մեխանիզմների գործուն կիրառման անհրաժեշտությունը: