ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ուրուգվայում այցելել է «Հնչակյան» կուսակցության շտաբ։ Այդ մասին նա գրել է իր «Փոքր Հայաստանը էկզոտիկ Ուրուգվայում» հոդվածում։
«Ուրուգվայում նորաձև թաղամաս եմ գտել՝ Armenia անունով, որտեղ հիմնականում ապրում են ուրուգվայահայեր, գրել է ճանապարհորդը։ Եվ հիմա Մոնտեվիդեոյում բնակվում են այդ կուսակցության մի քանի հարյուր ակտիվիստներ։
Կուսակցության շտաբը հին առանձնատուն է, որն ինքնին ճարտարապետական հուշարձան է։ Հիշեցնում է թանգարան, որտեղ կյանքը կանգ է առել տասնամյակներ առաջ», — գրել է նա։
Բլոգերը հիշեցրել է, որ հենց Ուրուգվայն է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և բանը հայամետ տրամադրվածության մեջ չէ, այլ մարդու իրավունքների խախտումներին հակազդելու Մոնտեվիդեոյի մտադրության։ Լապշինը կարծում է, որ Ուրուգվայում հայերը, չնայած ոչ մեծ թվին (20 հազար մարդ), զգալի ազդեցություն ունեն երկրի քաղաքական և հասարակական կյանքի վրա։
«Հետաքրքիր մարդիկ՝ ստեղծագործական, ուրախ, ակտիվ։ Նրանք հիանալի հասկանում են, որ «Հնչակյանի» վերելքն անցյալում է, և այն ոչ մի քաղաքական հավակնություն չունեն։ Նրանք ուղղակի պահպանում են հետաքրքիր մշակութային և պատմական ժառանգությունը», — գրել է նա։
Բլոգերը տեղեկացրել է նաև հարևան Արգենտինայի հետ կապված իր հաջորդ հոդվածի մասին, որտեղ ապրում է մեծաքանակ հայ համայնք՝ ավելի քան 200 000 մարդ։
Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։