ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Երբեք Հայաստանում այսպիսի ներքին տեղեկատվական խառնաշփոթ չի եղել»

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այսօր տեղեկատվական դաշտում ստեղծված քաոսի ու դա ծնող պատճառների մասին։
Sputnik
Սամվել Մարտիրոսյան. Հայաստանում ներքաղաքական տեղեկատվական խառնաշփոթ է

«Երբեք Հայաստանում այսպիսի ներքին տեղեկատվական խառնաշփոթ չի եղել, որովհետև փաստացի ահռելի քանակի ապատեղեկատվություն է պտտվում ու ոչ միայն ֆեյսբուքի միջոցով։ Մեծ քանակի կայքեր են դրա համար ստեղծված, եղած լրատվամիջոցներն են չճշտված ինֆորմացիա տարածում։ Խնդիրը համակարգային է։ Երբ ասում ենք ֆեյք, դեռ ոչինչ չենք ասում։

Նախորդ իշխանությունների ժամանակ լրատվադաշտը քիչ թե շատ ձևավորված էր։ Կային իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցներ, կային քիչ թե շատ ազատ լրատվամիջոցներ կամ շատ ազատ իշխանություններից, կային լրատվամիջոցներ, որոնք այս կամ այն կլանի ազդեցության տակ էին։ Քանի որ եղած ստատուս քվոն փշրվել է, առաջացել է անկառավարելի իրավիճակ։

Ֆեյքերի տարբեր ճամբարներ գոյություն ունեն` ներկա իշխանություններին սպասարկող, հին իշխանություններին, բիզնեսին և այլն»,–ասում է Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ` այս ամեն ինչը բերել է նրան, որ խիստ լարվածություն է ստեղծվել տեղեկատվական դաշտում։ Եվ շատ դժվար է տարբերակել որտեղ է կոնկրետ քաղաքացու կարծիքը, իսկ որտեղից է սկսվում ուղղորդումը։