200 մլն դոլարի տրամադրած զինամթերքի մեջ կան զենքեր, որ ՌԴ սպառազինության մեջ չկան. Տոնոյան

200 մլն դոլարի վարկային ծրագիրն ամբողջականությամբ կատարվել է, վստահեցնում է ՀՀ ՊՆ-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունները նույնիսկ պայմանագրերով են ամրագրված: Այս մասին այսօր Շիրակի Փանիկ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան։

Չնայած դրան ՀՀ ՊՆ չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը։ «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,-նշեց նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների:

Նախարարը, հրամանատարը, զինվորականները և փանիկցիները` մեկ վրանի տակ. ի՞նչն է նրանց միավորել

Դավիթ Տոնոյանը նաև տեղեկացրեց՝ ՌԴ կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկային ծրագրով մատակարարվող զենքն ամբողջությամբ տրամադրվել է: «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,-հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:

Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու։

Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել:

Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է և որ մեղավորները պատասխան են տալու»,-ասել է Շիրակի մարզպետը և հիշեցրել, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների, վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Հուլիսի 22-ին Փանիկ գյուղում այս թեմայով խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի և 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջև։ Խորհրդակցությունից հետո նախարար Տոնոյանը լրագրողներին ասել է, որ նախարարությունը հետախուզական ստորաբաժանման մարզման մասին տեղեկացված է եղել, որտեղ նշված չի եղել անցկացման վայրը։