Սփյուռքահայ պատանիներից մեկը 10 օր շարունակ կապրի ՀՀ վարչապետի տանը

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկի համար հյուրընկալ օջախ կդառնա Նիկոլ Փաշինյանի տունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներից մեկին 10 օր շարունակ իր տանը կհյուրընկալի վարչապետի ընտանիքը:

Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սփյուռքի նախարարը լավ նորություն ունի սփյուռքահայերի համար

Նախարարը հիշեցրել է, որ օգոստոսի 10–ից 24–ը Հայաստանում անցկացվելու է Սփյուռքի նախարարության  «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ «Առաջին հատվածը երեխաներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքիներում։ Քանի որ այս տարի մասնակից սփյուռքահայ երեխաների թիվը մեծ է, հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր կա»,– նշել է նախարարը և ներկայացրել հյուրընկալ ընտանիքի տանտիրուհուն` Աննա Հակոբյանին։

«Մենք սիրով պատրաստվում  ենք մեր ընտանիքում հյուրընկալել այդ երեխաներից մեկին։ Հուսանք, եթե ոչ ես ու վարչապետը, ապա մեր երեխաներն անպայման ժամանակ կգտնեն այդ երեխայի հետ 10 օր շարունակ ուրախ ժամանակ անցկացնելու»,–տեսանյութում խոստանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։

«Հուսով ենք վարչապետի այս քայլը կոգևորի ձեզ, որովհետև այս պահին դեռ 200 ընտանիք գտնելու խնդիր ունենք »,-գրել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը, որի ժամանակ մեծ քանակությամբ սփյուռքահայ պատանիներ ամառային արձակուրդների մի հատվածն անցկացնում էին մայր հայրենիքում, նոր կառավարության կողմից շարունակվում է, բայց այն ունի նոր` «Քայլ դեպի տուն» անվանումը։