ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Փանիկ համայնքում այսօր միևնույն վրանում փանիկցիների հետ հայ և ռուս զինվորականներն էին, Պաշտպանության նախարարն ու ռուսական ռազմաբազայի հրամանատարը: Հյուրասիրությունը զինվորականն էր՝ հնդկաձավարով շիլա: Այն յուրատեսակ հաշտեցման միջոցառում էր, բարձրացվեց բաժակ՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նախաձեռնությամբ էր կազմակերպել էր միջոցառումը. զինվորական դաշտային հյուրասիրություն ու երգ ու պար: Սա, ըստ բազայի հրամանատարության, ի նշան հայ-ռուսական բարեկամության էր արված:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: ՀՀ Զինված ուժերի ղեկավարը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի հետ միասին նախ ծաղիկներ դրեցին փանիկցի զոհված ազատամարտիկների և քառօրյա պատերազմի մասնակից զինվորի գերեզմանին:
Ապա համայնքապետարանում տեղի ունեցավ փակ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեց 102-րդ ռազմաբազայի կողմից իրականացված և իրականացվելիք զինավարժությունների խնդիրը:
Այնուհետև, ՀՀ ՊՆ նախարարը, մարզպետի և 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ուղեկցությամբ մասնակցեցին համատեղ հյուրասիրությանը:
Անդրադառնալով ռուսների կողմից տվյալ միջոցառումը որպես ոչ ֆորմալ ներողության տարբերակ հարցին` Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը լրագրողներին ասաց. «Մենք չենք վիճել, որ սա լինի հաշտեցման միջոցառում, պարզապես եղել է անհամաձայնում, գյուղի բնակիչները տեղյակ չեն եղել, այդ պատճառով է աղմուկը եղել: Պարզապես, հանկարծակի են եկել գյուղացիները, իսկ եթե տեղյակ լինեին` ուրիշ բան: Այսօրվա միջոցառումը փաստում է՝ ռուս-հայկական բարեկամությունը շարունակվում է»: Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ փակ խորհրդակցության ժամանակ կրկին նշվել է, որ զորավարժությունների դեպքում, անպայման, նախապես պետք է տեղյակ պահեն նաև համայնքների ղեկավարներին:
Քննարկվել է նաև ծանր զինտեխնիկայի պատճառով վթարված ճանապարհների բարեկարգման հարցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում։ Զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել էր Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ փաստելով, որ երեխաները վախեցել են:
Համայնքապետն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:
Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել էին գյուղի տարածք` իրավիճակին ծանոթանալու։
Հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել:
Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է և որ մեղավորները պատասխան են տալու»,-ասել է Շիրակի մարզպետը և հիշեցրել, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների, վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:
Հուլիսի 22–ին Փանիկ գյուղում այս թեմայով խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջև։ Խորհրդակցությունից հետո նախարար Տոնոյանը լրագրողներին ասել է, որ նախարարությունը հետախուզական ստորաբաժանման մարզման մասին տեղեկացված է եղել, որտեղ նշված չի եղել անցկացման վայրը։