Տավուշի առեղծվածային մատուռը, որի պատմությունը դեռ նոր պետք է բացահայտվի

Հայաստանում բազում եկեղեցիներ ու վանքեր կան։ Դրանց մի մասը կիսաքանդ են, մի մասը՝ շատ լավ վիճակում, և յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի։ Բայց պարզվում է՝ Հայաստանում կան այնպիսի վանքեր, որոնց պատմությունը դեռ նոր պետք է բացահայտվի։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

XI-XIII դարերի Հաղարծին վանական համալիրը Տավուշի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից է։ Գտնվում է Իջևանի լեռնաշղթայի անտառոտ հոտվում՝ Դիլիջանից գրեթե 20 կիլոմետր հեռավորության վրա։

Համալիր տանող ճանապարհը, որի երկու կողմերում անտառ է սփռված, կատարյալ վայր է զբոսնելու համար։ Բայց այդ զբոսանքը միշտ չէ, որ հաճելի է, քանի որ այնտեղ շատ են զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, հատկապես՝ հանգստյան օրերին։ Այդուհանդերձ մենք որոշում ենք դուրս գալ մեքենայից ու վերջին 1-1,5 կիլոմետրն անցնել ոտքով։

Հաղարծնից 250-300 մետր այս կողմ մեր առաջ դեղին քարից կառուցված մի հին մատուռ է հայտնվում։ Եկեղեցու կողքին` քարե սալերի վրա, պահակների պես երեք հիանալի խաչքարեր են խոյանում։ Իսկ մատուռի փոքրիկ աղոթարանում ևս երկու խաչքար ենք տեսնում պատի մեջ։

Старинная часовня по дороге в Агарцин

Տարածքն ուսումնասիրելուց հետո ճանապարհի մյուս կողմում բացահայտում ենք մի բարձունք, որտեղ դարավոր ծառեր են աճում։ Երևում է, որ ժամանակին այստեղ ինչ-որ կառույց է եղել, որի հետքերը պահպանվել են մինչև այսօր։

Բոլորին հետաքրքրում է, թե ինչ շինություն է, բայց ոչ մի տեղ ցուցատախտակ չենք գտնում։ Զբոսաշրջիկների խմբերը, որպես կանոն, շրջանցում են այդ հատվածը։ Միայն մի խումբ է կանգ առնում, ու մենք առիթը բաց չեն թողնում և միանում ենք նրանց, որպեսզի լսենք՝ ինչ է պատմում նրանց զբոսավարը։ Շատ արագ հիասթափվում ենք, որովհետև երիտասարդ կինը մակերեսորեն խոսում է խաչքարերի վրայի նախշազարդերի խորհրդանիշների մասին ու հեռանում զբոսաշրջիկների հետ։ Մեկը հասցնում է հարցնել` սա ի՞նչ մատուռ է, զբոսավարն անորոշ պատասխան է տալիս։

Хачкары по дороге в монастырь Агарцин

Միայն Երևան վերադառնալուց ու փնտրտուքներից հետո մեզ հաջողվում է պարզել, որ մատուռը հիմնվել է հավանաբար XIII դարում։

«Եկեղեցու ինքնատիպ ու բացառիկ կոմպոզիցիան դժվարացնում է հստակ որոշել հիմնադրման տարեթիվը։ Ենթադրվում է, որ այն կարող է կառուցված լինել Հաղարծնի հետ միաժամանակ, այսինքն՝ XIII դարում», — նշվում է Հայաստանի ազգային արխիվի նյութերում։

Բացի այդ, նշվում է, որ կառույցը երեք խորան ունեցող մատուռի հազվագյուտ նմուշ է։

«1977-78 թվականի վերականգնողական աշխատանքների ժամանակ խորանի մոտ երկու իրար նման փոքր խաչքարեր են հայտնաբերվել, ինչպես նաև խաչքարերի կտորներ։ Հյուսիսային ու արևելյան պատերի շարվածքներում անցքեր կան», — նշվում է փաստաթղթում։

Տեքստի մնացած մասը նվիրված է կառույցի նկարագրությանը, նաև գտնվելու վայրին, այսինքն` ժայռոտ բլրալանջին։ Սակայն ամենահետաքրքիրը` այդ փոքր կառույցի պատմությունը, դրա ճակատագիրը, ով և ինչու է այն կառուցել, հավանաբար մասնագետները դեռ նոր պետք է պարզեն։ Արխիվում այդ մասին հիշատակում չկա։

Хачкары по дороге в монастырь Агарцин

Այնպես որ խաչքարերով ու կիսաքանդ քարե կառույցով մատուռը, որը ճանապարհի մյուս կողմում է գտնվում, շարունակում է մնալ միջնադարյան հայ ճարտարապետության ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը։