Երբ բոլորը գինի են խմում, և հանկարծ մուգ կարմիր գույնի շշով հեղուկը նկատում ես 2-3 տարեկան տղայի ձեռքերում, ակամա տագնապում ես։ Երեխան բացում է շիշը և սկսում խմել մանր կումերով։ Ես մոտենում եմ նրան, որպեսզի թաքուն հոտ քաշեմ հեղուկից։
— Ուզո՞ւմ ես, — հարցնում է երեխան ինձ տեսնելով և սիրով մեկնում շիշը։
— Տուր, — ժպտալով նրա անմիջականությունից՝ պատասխանում եմ ես, վերցնում շիշը ու հոտ քաշում։
— Ուֆ, տեր Աստված, ինչ լավ է, ուղղակի բալի հյութ է։
— Սա ո՞վ է պատրաստել։
— Տատիկս, — թոթովում է աղջիկը, վերցնում իր գանձն ու շարունակում ըմբոշխնել այն։
Շուտով բացահայտում եմ, որ եթե երեխայի տատիկը պատրաստում է հիանալի կոմպոտներ և տարբեր քաղցրավենիքներ, ապա պապիկը` Արենիում իրեն հարգող ցանկացած տղամարդու նման, յուրացրել է գինեգործության նրբությունները։
Մենք Արենիի ամենամեծ իջևանատանն ենք՝ բավական բազմիմաստ անվանումով, որն ուղիղ կապ ունի գինի պատրաստելու արվեստի հետ։ Ինձ արդեն ծանոթ աղջիկը հյուրանոցի տիրոջ՝ Դավիթ Սիմոնյանի դստրիկն է։ Դավիթն ընդամենը 27 տարեկան է, բայց նրա բիզնես գաղափարներն անհամար են։ Հյուրանոցի դիզայնը անձամբ նա է մտածել՝ պատերի գույնից մինչև թվում է այնպիսի մանրուքը, ինչպիսին է կիթառի տակդիրը։
«Վաղուց երազում էի ինչ-որ բան անել ծնողներիս գյուղում։ Արենիում զբոսաշրջիկները միշտ շատ են եղել։ Մի քանի անգամ ճանապարհորդները մտել են մեր տուն՝ հայրիկիս գինու մառանը, որը լավագույններից մեկն է գյուղում, մեզ հետ գինի են խմել, զրուցել։ Այդպես էլ ծնվեց այսպիսի իջևանատուն ստեղծելու գաղափարը, որտեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն գինի խմել, այլ նաև գիշերակացով հանգստանալ», — պատմում է Դավիթը։
Հյուրանոցը բացվել է 2015թ.-ին։ Դավիթը խոստովանում է, որ հսկայական պարտքերի մեջ է մտել, և եթե գիշեր-ցերեկ չմտածեր, թե ինչպես զբաղեցնի հյուրերին՝ հորինելով նոր «ֆիշկաներ», ապա մինչս օրս չէր մարի պարտքերը։ Այստեղ կա փոքր գրադարան և բաց պատշգամբ, որտեղ ճանապարհորդը կարող է հավաքույթ կազմակերպել մաքուր օդին։ Կա դաշնամուր, այդպես նվագելու սիրահարները նույնպես զբաղմունք ունեն։ Հյուրանոցում սենյակները նախատեսված ինչպես միայնակ հյուրերի, այնպես էլ զույգերի և անգամ խմբով զբոսաշրջիկների համար։ Հյուրանոցներ պատվիրելու հայտնի կայքում հաստատությունը շատ բարձր վարկանիշ ունի՝ 9,1։
«Մարդկանց, հավանաբար, առաջին հերթին դուր է գալիս բարեհամբույր անձնակազմը։ Այստեղ հիմնականում աշխատում են մեր ընտանիքի անդամները՝ ես, քույրս, մայրս ու հայրս։ Բացի այդ, մենք 7-8 աշխատող ենք վարձել հենց գյուղից։ Արենցիերը շատ աշխատասեր ու բացսիրտ մարդիկ են», — պատմում է Դավիթը։
Օրական 4-7 հազար դրամ եկամուտը բավական մեծ գումար է փոքր գյուղի բնակիչների համար։ Հենց այդքան են վաստակում հյուրանոցի աշխատողները։ Ի դեպ, եթե հարցնել նրանց կամ գյուղի ցանկացած այլ բնակչի հաստատության անվանման մասին, նրանք ուղղակի կկլորացնեն աչքերը ու չեն հասկանա։ Բոլորն այստեղ հյուրանոցն անվանում են «Դավիթի մոտ»։
«Մենք ինքներս ենք այդպես անվանում մեր տեղը, չեմ սիրում այն հյուրանոց ասել։ Իհարկե, այն բոլոր չափանիշներով հյուրանոց է, բայց մեզ և մեր հյուրերի համար սա ուղղակի տուն է, որտեղ կարելի է հանգստանալ առօրյա հոգսերից։ Դե, իհարկե՝ գինու օգնությամբ», — ժպտում է Դավիթը։
Ես շարունակում եմ լուսանկարել, իսկ Դավիթը կանչում է ինձ ընտանիքի հետ գինի խմելու՝ մեր ծանոթության կենացը։ Համեստորեն ցույց եմ տալիս երեխային և ակնարկում, որ նույնն եմ ուզում խմել, ինչ նա․ ինձ ու նրան առայժմ չեն խանգարում կյանքի հոգսերը…
Ի դեպ, գինու մասին։ Արենի գյուղը հայտնի է իր սեփական համանուն ապրանքանիշով։ Գյուղի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը զբաղվում է գինեգործությամբ, սակայն օրվա հացի փողը, միևնույն է, չի հերքում, և շատ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Օտար երկրներում աշխատանքը կամ օտար երկրների զբոսաշրջիկները՝ ահա և արենցիների ամբողջ ֆինանսական հոսքը։
Հյուրանոցը ոչ միայն օգնում է գյուղացիներին աշխատանքի տեղավորվել՝ ազատելով մի քանի ընտանիքների հարկադրված «խոպանից», այլ նաև օրինակ է երիտասարդ, ձեռներեց մարդկանց համար, որոնք ապրում են Հայաստանի մարզերում։
Նյութը պատրաստվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ՝ «Ճանաչիր քո երկիրը» արշավի շրջանակում։