Միրզոյանը խորհուրդ է տալիս Մալյանին «քիթը չխոթել իրենց ընտանեկան հարաբերությունների մեջ»

Ֆեյսբուքյան էջի միջոցով վեճի են բռնվել ՀՀ 1–ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պատասխանել է ԱՄՆ կատարած իրենց այցի վերաբերյալ հնչած մեղադրանքներին։ Նա 3 արդարացում է նշել` ի պատասխան մեղադրանքների։

«1. Տեղեկացնեմ, որ կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։

2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։

3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»,–գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը` նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդականը, այսօր ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր Արարատ Միրզոյանի` կնոջը իր հետ ԱՄՆ տանելու քայլը։ Նա այս քայլն անվանել է 1–ին փոխվարչապետի երկրորդ մեղրամիս։

«Ի դեպ, արժեր պարզել թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա»,–հարց է բարձրացրել Մալյանը։